Երևանը իրավական, քաղաքական, բարոյական իրավունք չունի առաջ քաշելու նախապայմաններ․ Բայրամով

«Երկու շաբաթ առաջ Հայաստանը հանդես է եկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման նոր առաջարկներով», – այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, հայկական կողմը որոշ պայմաններ է առաջ քաշել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար։ «Ադրբեջանը հայտարարել է, որ կարող է սկսել այս գործընթացը, բայց առանց որևէ պայմանի», – հունգարացի պաշտոնակցի հետ Բաքվում տեղի ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում նշել է Բայրամովը՝ հավելելով, որ սահմանների սահմանազատման հարցում «կրեատիվ» մոտեցումների կարիք չկա։

«Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն. Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, չունի իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք սահմանների սահմանազատման հարցում որևէ պայման դնելու», – ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պնդել է Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը:

APA գործակալության համաձայն՝ Բայրամովը նաև Հայաստանին մեղադրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը տապալելու համար։

«Ցավոք, հայկական կողմը խախտել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Դեռևս չենք տեսնում այդ հարցում հետևողականություն։ Երբեմն դրական ուղերձներ են ստացվում, երբեմն էլ լսում ենք այլ կարծիքներ, ինչը բարդացնում է իրավիճակը», – ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ առանց մանրամասներ նշելու։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button