Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը հայտարարել է, թե Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավոր չէ կարգավորել միայն դիվանագիտական եղանակով, հետևապես, անհրաժեշտ է Ռուսաստանի նկատմամբ վարել զսպման քաղաքականություն:
Իշինգերի խոսքով, այդ նպատակով Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան զենք ենփոխանցում և ֆինանսական օգնություն են տրամադրում Կիևին:
«Մենք բոլորս ձգտում ենք դեէսկալացիայի, բայց այս կոնկրետ իրավիճակում ոչ միայն դիվանագիտական ջանքեր են պետք, այլև զսպման ծանր տարրեր»,- ասել է Իշինգերը:
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահի խոսքով, այս պահին օրակարգում չկա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության խնդիր:
Մյունխենի անվտանգության ավանդական ամենամյա համաժողովն այս տարի տեղի կունենա փետրվարի 18-ից 20-ը:
Միացյալ Նահանգներից համաժողովին մասնակցելու են փոխնախագահ Քամալա Հարիսը, պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը և շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ:
Ենթադրվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ներկա կլինի համաժողովին, մինչդեռ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է այս տարի մեկնել Մյունխեն: