Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ֆինլանդացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, խոսելով հայ-թուրքական կարգավորման նոր գործընթացի մասին, հայտարարել է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Վիեննայում է անցկացվելու հայկական կողմի ցանկությամբ:
Նա նշել է, որ կողմերի միջև հեռախոսազրույցի ժամանակ առաջարկվել է բանագնացների երկրորդ հանդիպումը անցկացնել Վիեննայում կամ Ժնևում:
«Պարոն Սերդարի հետ խորհրդակցեցինք և հաշվի առնելով նախկինում Ժնևում արձանագրված անհաջողությունը` որոշեցինք Վիեննան ընտրել, որպեսզի նույնը չշարունակվի»,- ասել է թուրք նախարարը:
Անդրադառնալով մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցությանը` Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Հայաստանից դեռ դրական պատասխան չեն ստացել:
«Գիտնականների և մյուս հրավիրյալների հետ մեկտեղ հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին և արտգործնախարարին հրավեր ենք ուղարկել: Փաշինյանին հրավեր չենք ուղարկել, երկրների ղեկավարներին նախագահն է հրավեր ուղարկում: Այս պահին մոտ 60 նախարար հաստատել է իր մասնակցությունը: Հայաստանից հաստատում դեռ չենք ստացել»,- ասել է Չավուշօղլուն: