Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ այցելել է Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր, հետևել ընթացող վերանորոգման և կառուցապատման աշխատանքներին:
Ինչպես Հայաստանի ռազմական գերատեսչությունն է հաղորդում, զորամասերի հրամանատարական կազմի հետ հանդիպումներում Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և մարտունակության մակարդակի կտրուկ բարձրացման անհրաժեշտությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև մարտական հենակետերում, ծանոթացել ընթացող ամրաշինական աշխատանքներին, կենցաղային պայմաններին և մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, տվել հանձնարարականներ և ցուցումներ`խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ:
Նախօրեին էլ նախարարն այցելել է Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, զրուցել նաև հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ։