Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, միաձայն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով նա առաջարկում էր զինծառայողի զոհվելու կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը:
Բացի այդ, օրենքը տարածվում է այն դեպքերի վրա, երբ զինծառայողը գտնվել է փաստական ամուսնության մեջ՝ չունենալով ամուսնության պետական գրանցում, բայց կան համատեղ ամուսնական կենցաղ վարելու հավաստի տեղեկություններ։ Դրանք կարող են լինել համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Եկեղեցու տրամադրած պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների և հարևանների գրավոր հավաստումները և այլ ապացույցներ:
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2017-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած հատուցման դեպքերի վրա:
Ի դեպ, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս մեկ նախագիծ է շրջառանության մեջ դրել, որով առաջարկում է պարտադիր զինծառայությունից ազատել մարտական գործողությունների ժամանակ զոհված զինվորականի եղբորը։ Այսինքն՝ եթե պատերազմի ժամանակ զոհվել է հայրը կամ եղբայրներից մեկը, ապա ընտանիքի մյուս որդին, ըստ նախագծի, կարող է ազատվել պարտադիր զինծառայությունից։
Նախագծի հեղինակն այս մտքին եկել է 44-օրյա պատերազմի ավարտից հետո զոհվածների ընտանիքների հետ հանդիպումների արդյունքում։ Նախագիծը օրենք դառնալու դեպքում կվերաբերի մարտական բոլոր գործողությունների ժամանակ տեղի ունեցած մահվան ելքով միջադեպերին։
Պաշտպանության նախարարությունը դեռ դիրքորոշում չի հայտնել իշխանական պատգամավորի այս նոր նախագծի վերաբերյալ։ Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ ներառվելու համար նախագիծը նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: