Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը այսօր ասել է, թե ՀԱՊԿ-ը օպերատիվ օգնություն կցուցաբերի Հայաստանին, եթե պաշտոնական դիմում ստանան։
«Անկասկած մենք կարող ենք ճիշտ այդպես օպերատիվ և արագ արձագանքել մեր դաշնակցի պաշտոնապես ամրագրված համապատասխան դիմումին»,- ասել է նա, ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում դաշնակցային պարտականությունները կկատարվեն։
«Ինչպես հասկացաք, մենք կարող ենք արագ քննարկել (դիմումը), երբ տեսնենք որևէ պրոցեսի կրիտիկական բնույթը, ծավալն ու դինամիկան»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը՝ օրինակ բերելով Ղազախստանի իրադարձություններին ՀԱՊԿ-ի արձագանքը։
Ալեքսանդր Պանկինը խոսել է «Վալդայ» ակումբում անցկացված «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում․ ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» անվանումով համաժողովում։
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը իր հերթին ասել է, թե չի կասկածում Ռուսաստանի արագ արձագանքման ունակություններին Հայաստանի պաշտոնական դիմումը ստացվելու դեպքում։
«Հենց այդպես է գրված մեր հիմնական համաձայնագրում, և հավատացեք, եթե նման ընկալում, նման համոզմունք չլինի՝ կազմակերպությունը պարզապես չի լինի»,- ասել է Ստանիսլավ Զասը։