Երևանը հրատապ է համարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը ԼՂ հակամարտության գոտի

Պաշտոնական Երևանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության իրականացումը համարում է առաջնահերթ և հրատապ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարում է՝ Հայաստանը սատարում է այս առաքելության՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար: Հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված վանդալիզմի դեպքերը, ինչպես նաև Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից օրեր առաջ հայկական պատմամշակութային ժառանգության ինքնությունը խեղաթյուրելուն ուղղված աշխատանքային խմբի ստեղծման ազդարարումը փաստում են, որ նման վտանգն առավել քան իրական է», – հայտարարում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շեշտելով՝ Երևան և Բաքու ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության այցելության առաջարկը դիտարկում ենք բացառապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված վերոնշյալ առաքելության շրջանակում։

Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանի եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների վիճակին տեղում ծանոթանալու նպատակով շատ է քննարկվել ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցի և առանց սահմանափակումների ազատորեն տեղաշարժվելու հնարավորությունը, բայց պաշտոնական Բաքուն համաձայնություն չէր տալիս։ Թեպետ անցած տարվա ամռանը Բաքուն հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է ընդունել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին, առայսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները տարածաշրջան չեն այցելել։

Օրերս Բաքուն հայտարարեց, թե իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ են ստեղծել:

Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտելով Բաքվի որոշումը՝ շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը կրում են միտումնավոր ու ծրագրված բնույթ, իսկ հայկական ժառանգության ոչնչացման այս քաղաքականությունը հակասում է Բաքվի հաշտության հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար:

Պաշտոնական տվյալներով` 2020 թվականի պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել առնվազն 1456 նշանավոր հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր:

44-օրյա պատերազմին հաջորդած ամիսների ընթացքում արդեն հաղորդվել է Թալիշի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հայկական հետքը վերացնելու, իսկ Հադրութի Սպիտակ խաչ եկեղեցուց խաչը հանելու մասին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button