Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները:
«Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը հետխորհրդային տարածքում ԱՊՀ երկրների հետ հարաբերություններն են: Ուզում եմ ընդգծել, որ դա մեզ համար առանցքային նշանակության հարց է»,- դիմելով անվտանգության խորհրդի մշտական անդամներին՝ ասել է Պուտինը:
Նրա խոսքով, Ռուսաստանն ունի կարևոր նախաձեռնություններ, շատ լավ երկխոսություն առաջատար գործընկներների հետ և ապրանքաշրջանառության մեծ ծավալ:
«Այսօր մենք շատերի հետ աշխատում ենք ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, վերջին իրադարձությունները վկայում են, որ այդ աշխատանքը դրական արդյունք է տալիս և պահանջված է: Այսօր մենք պետք է քննարկենք այս ուղղությամբ վերջին տարիներին ստեղծված մեխանիզմները կատարելագործելու հնարավորությունները»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի և Պետական դումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և բնապահպանության ու տրանսխպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: