Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման դիվանագիտական ճանապարհը բաց է, ԱՄՆ-ը Ռուսաստանին կոչ է անում շարժվել լարվածության թուլացման ուղղությամբ: Այդ մասին շաբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայացած հեռախոսազրույցի ժամանակ։
«Ես հասկացրեցի, ինչպես նախագահ [Ջո Բայդենը] այսօր՝ նախագահ [ՌԴ Վլադիմիր] Պուտինի հետ զրույցում, որ այս ճգնաժամը լուծելու դիվանագիտական ճանապարհը մնում է բաց», – ասել է Բլինքենը համաժողովի ժամանակ` հավելելով, որ Մոսկվան պետք է զբաղվի դեէսկալացիայով, ոչ թե էսկալացիայով, և «ոչ միայն պետք է խոսի իրավիճակից դիվանագիտական ելքի ձգտելու մասին, այլ իսկապես աշխատի դրա վրա»:
«Մեր զրույցի ընթացքում ԱԳ նախարար Լավրովն ասաց, որ ռուսական կողմն աշխատում է այն փաստաթղթի պատասխանի վրա, որը մենք ուղարկել ենք Մոսկվա ավելի քան երկու շաբաթ առաջ, և որտեղ մենք առաջարկել ենք քննարկման կոնկրետ ոլորտներ», – ասել է Բլինքենը։
Նրա խոսքով` ռուսական կողմի պատասխանը ստանալուց հետո ԱՄՆ-ը պատրաստ կլինի համագործակցել դաշնակիցների ու գործընկերների հետ միասին։