Թուրքիայում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, Anadolu գործակալության հետ զրույցում անդրադառնալով Անկարայի արտաքին քաղաքական օրակարգին, խոսել է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին՝ այն համարելով «հիանալի» զարգացում:
«Մենք գոհունակությամբ ենք ընդունում այս գործընթացը: Ռուսաստանում տեղի ունեցած առաջին հանդիպումը և այժմ էլ Վիեննայում կայանալիք հանդիպումը մեզ շատ է ուրախացնում: Այս զարգացումներն իսկապես գոտեպնդող են: Ստամբուլ-Երևան ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը ևս կարևոր ազդակ է», – ասել է դեսպան Ֆլեյքը:
Որպես Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի թեկնածությունը ամերիկյան Սենատի կողմից հաստատվեց անցած տարվա հոկտեմբերին: Հունվարի սկզբին նա ժամանեց Անկարա՝ փոխարինելով դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին: