ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գնահատմամբ՝ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի օրերին: Այս մասին Բայդենը հայտարարել է լրագրողների հետ զրույցում։
«Մեր ունեցած բոլոր ազդակների համաձայն` նրանք պատրաստ են հարձակվել Ուկրաինայի վրա», – նշել է Բայդենը` հավելելով, որ զորքերի հետքաշման մասին Ռուսաստանի հայտարարությունը ծուղակ է։
Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահը նշել է, որ չնայած հարձակման շատ բարձր վտանգին, դիվանագիտական ճանապարհով խնդրի լուծումը դեռ հնարավոր է։
Ռուսների խաղաղասիրական հավաստիացումների անկեղծությունը կասկածի տակ էին առել նաև Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն:
Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում «կեղծիք» է անվանել ռուսների պնդումները զորամիավորումները հեռացնելու մասին:
Դոնբասի շրջանում երկու կողմերն էլ մեկ-մեկու մեղադրում են սադրանքների համար: Դոնեցկի անջատականները պնդում են, որ ուկրաինական բանակն ամեն օր խախտում է հրադադարը:
Ուկրաինայի բանակը հաղորդել է անջատականների կողմից Լուգանսկայա գյուղի գնդակոծման մասին: Արկերից մեկը հարվածել է մանկապարտեզի շենքին, երկու խաղաղ բնակիչ վիրավորվել է, գյուղի կեսը մնացել է առանց էլեկտրականության, բնակիչներին փոխադրել են ռմբապաստարան: