Վաշինգտոնը նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակումների երկրորդ հնարավոր փորձի մասին։
Maxar ընկերության արբանյակային լուսանկարները վկայում են, որ դեպի Կիև ռուսական ռազմական տեխնիկայի 65 կիլոմետր երկարությամբ շարասյուն է շարժվում՝ զրահատեխնիկա, տանկեր, քարշակային հրետանի և բեռնատարներ։
Ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին Թվիթերում գրել է, որ ռուսական զորքերը կփորձեն շրջապատել և կտրել Կիևը առաջիկա շաբաթների ընթացքում: «Քաղաքի համար պայքարը երկար և արյունալի է լինելու, ուկրաինացիներն արագ պատրաստվում են փողոցային կռիվների», – գրել է սենատորը։
Անցած գիշեր ռուս զինվորականները շրջափակել են Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքը, հաղորդվել է քաղաքի հյուսիս-արևմուտքում ռուսների լայնածավալ հրետանային պատրաստության և վերախմբավորման մասին, վերջին հաղորդագրությունների համաձայն՝ քաղաքը գտնվում է Ուկրաինայի ռազմական և քաղաքացիական վարչակազմի վերահսկողության տակ։