Մոսկվան կրկին սպառնում է ոչնչացնել Ուկրաինայի համար ռազմական բեռները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք և որը մեր կարծիքով զենք է, կդառնա օրինական թիրախ։ Սա միանգամայն հասկանալի է», – RT հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը։
Լավրովը մասնավորապես զգուշացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ Ուկրաինային С-300 (S-300) հրթիռային համալիրների մատակարարման հետ կապված։
Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է, որ ԽՍՀՄ-ի օրոք ստեղծված այդ համալիրներն Ուկրաինային տրամադրել ցանկացող երկրները, ինչպիսին Սլովակիան է, նման իրավունք չունեն, քանի որ, ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով, խորհրդային պայմանագրերի համաձայն չեն կարող այդ զենքը երրորդ երկրներ ուղարկել։