Բելգիայում՝ Լա Լուվիերի շրջանի Ստրեպի-Բրակենյի ավանում տեղական փառատոնի ընթացքում, մի ավտոմեքենա վրաերթ է կատարել տոնախմբության մասնակիցների վրա: Նախնական տվյալներով` զոհվել է անվազն 4 մարդ, ավելի քան 20-ը վնասվածքներ են ստացել, նրանցից 12-ը ծանր վիճակում են: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստակայանը:
Ավտոմեքենայի ղեկին գտնվողն արդեն ձերբակալվել է: Բելգիայի ներքին գործերի նախարար Աննելիս Վերլինդենը ցավակցություն է հայտնել տեղի ունեցած պատահարի կապակցությամբ:
«Այն, ինչ պետք է լիներ հաճելի երեկո, դարձավ ողբերգություն, մենք ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին»,- Թվիթերում գրել է նախարարը:
Փառատոնի կազմակերպիչները որոշել են շարունակել միջոցառումը, սակայն մեդալների շնորհումը և ավանդական հրավառությունը չեղարկել են: Առայժմ հայտնի չէ, թե ինչու են մեքենայում գտնվողներն այն ուղղել մարդկանց վրա: