Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Պաշտոնական Երևանը անցած շաբաթվա սկզբին էր հայտարարել, որ խաղաղության պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել է Մինսկի խմբի համանախագահությանը: Մինսկի խմբից պաշտոնական հրապարակային պատասխան առայժմ չկա։ Ադրբեջանը ևս մինչ օրս անարձագանք է թողել խաղաղության բանակցությունները Մինսկի խմբի ձևաչափով անցկացնելու՝ Հայաստանի առաջարկը։ Մարտի 18-ին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցներում Ֆրանսիայի արտգործնախարարը իր երկու գործընկերներին էլ հայտնել է, որ Ֆրանսիան, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր պատրաստ է ջանքեր ներդնել՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացին։ Ֆրանսիայից բացի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրները ևս՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Երևանի դիմումից հետո խաղաղության գործընթացին աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Ռուսաստանի արտաքին գորեծրի նախարարության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործողությունների մեկնարկին։

Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը»։

Հեռախոսազրույցի ընթացքում արտգործնախարարները անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button