Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերքել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և Դումայում կուսակցական խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու մահվան լուրը:
Վոլոդինը խորհուրդ է տվել այդ ոչ արժանահավատ տեղեկությունը հրապարակած օրենսդիրին հրաժարական ներկայացնել: Նա դիմել է նաև լուրը տարածած լրատվամիջոցներին իրենց կայքերից հեռացնել այդ հաղորդագրությունը:
«Ճիշտ կլինի, որ դուք առողջություն մաղթեք Վլադիմիր Վոլֆովիչին, եթե, իհարկե, խիղճ ունեք», – ասել է Վոլոդինը՝ Ժիրինովսկու մահվան մասին լուրը տարածած լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Այսօր ավելի վաղ Տելեգրամ ալիքներում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ ուրբաթ առավոտյան Ժիրինովսկին մահացել է հիվանդանոցում:
Լրատվամիջոցներն այդ տեղեկությունը վերցրել են խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Պրոնյուշկինի Տելեգրամ ալիքից:
Վոլոդինը պնդում է, որ Ժիրինովսկին ողջ է, և բժիշկները շարունակում են պայքարը նրա կյանքի համար:
Պետական դումայում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ֆրակցիան հայտարարել է, որ դատարան է դիմում լիդերի մահվան կեղծ լուրեր տարածողների դեմ: Ֆրակցիան Ժրիրինովսկու մահվան մասին լուրն անվանել է «կեղտոտ սադրանք»:
75-ամյա Ժիրինովսկին կորոնավիրուսի կապակցությամբ փետրվարի 2-ին տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է փետրվարի 9-ին: Հիվանդանոցում Ժիրինովսկին մինչև մարտի 11-ը եղել է արհեստական կոմայի վիճակում, որն անհրաժեշտ էր հիվանդի օրգանիզմի ուժերը պահպանելկու համար: Այս պահին բուժումը շարունակվում է: