Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ Ռուսաստանում աննախադեպ ավելացել է հակադեպրեսանտների և քնաբերի սպառումը

Ուկրաինայի պատերազմի հետևանքով Ռուսաստանում աննախադեպ ավելացել է հակադեպրեսանտների և քնաբեր հաբերի սպառումը:

DSM Group միջազգային վերլուծական խմբի մոսկովյան մասնաճյուղը երեկ հրապարակել է զեկույց, որի համաձայն, մարդիկ երկու շաբաթում գնել են այնքան հակադեպրեսանտ և քնաբեր, որքան պատերազմից առաջ սովորաբար գնում էին մեկ ամսվա ընթացքում:

«Մարտ ամսվա առաջին շաբաթում դեղագործական արտադրանքի սպառումը կրկնապատկվել է, սա ահավոր մեծ թիվ է»,- ասել է DSM Group խմբի մոսկովյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Շուլյակը:

Պաշտոնական տվյալներով` ռուսաստանցիների մեծ մասն աջակցում է Ուկրաինա տասնյակ հազարավոր զինծառայողներ ուղարկելու նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը:

Բայց հարցազրույցները, սոցցանցերում ծավալված քննարկումները և ոչ պաշտոնական տեղեկությունները վկայում են, որ ռուսաստանցիների զգալի մասն ընկճված է թե՛ պատերազմից և թե՛ արևմտյան պատժամիջոցների խստության աստիճանից:

Շատերը նաև ենթադրում են, որ պատերազմի հետևանքով վաղ թե ուշ կառաջանա դեղամիջոցների դեֆիցիտ, և առողջության համար արտակարգ կարևոր նշանակություն ունեցող արտադրանքը կանհետանա դեղատներից:

DSM Group խմբի տվյալներով, փետրվարի 28-ից մինչև մարտի 13-ը Ռուսաստանում գնել են 270.5 միլիոն միավոր դեղամիջոցներ, դրա համար ծախսելով 98 միլիարդ 600 միլիոն ռուբլի (դա հավասար է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի):

Մինչդեռ ամբողջ հունվար ամսվա ընթացքում ռուսաստանցիները գնել են 288 միլիոն միավոր դեղամիջոցներ, ինչի համար ծախսել են 100 միլիարդ ռուբլի:

Հակադեպրեսանտներից և քնաբերից բացի, շատ արագ են սպառվում ինսուլինը, քաղցկեղի և սրտի հիվանդությունների դեպքում նշանակվող դեղամիջոցները, հորմոնները և հակաբեղմնավորիչները:

Այս ամենը, DSM Group խմբի մոսկովյան գրասենյակի ղեկավար Շուլյակի համոզմամբ, վկայում է մարդկանց վախի մասին:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button