Ռուսական զորքերի կողմից պաշարված Մարիուպոլում հումանիտար աղետի մասշտաբները պահանջում են միջազգային հանրության անհապաղ միջամտություն, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
«Պարզ է, որ Մարիուպոլը դարձել է երկրորդ Հալեպը: Եվ ես հույս ունեմ, որ մենք բոլորս կունենանք մեղքի կոլեկտիվ զգացում, եթե ոչինչ չանենք», – ասել է Լը Դրիանը:
«Ռազմական պաշարումը պատերազմ վարելու սարսափելի միջոց է, որովհետև տեղի է ունենում խաղաղ բնակչության զանգվածային կոտորած և ոչնչացում։ Տառապանքն ուղղակի սարսափելի է», – եզրափակել է նա։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Մարիուպոլի շենքերի մեծ մասն ավերված է, դրանցից շատերը հնարավոր չէ վերականգնել։ Մարիուպոլում մահացածների ստույգ թիվը դեռ հայտնի չէ, սակայն քաղաքի վարչակազմը հայտնել է, որ միայն թատրոնի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով, որտեղ տեղի բնակիչները թաքնվել են ռումբերից, մոտ 300 մարդ է զոհվել։