Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հաջորդ շաբաթ՝ ապրիլի 6-ին, Բրյուսելում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, Թվիթերում գրել է Շառլ Միշելի խոսնակը։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը անանուն մնալու պայմանով «Ազատությանը» փոխանցել է, որ առաջնորդները կգնահատեն այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել իրենց վերջին հանդիպումից հետո, և կքննարկեն հետագա ուղիները՝ հասնելու անվտանգ, կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող ժողովուրդների։
Նշվում է, որ ուշադրության կենտրոնում է լինելու հատկապես հաղորդակցության հարցը։
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները վերջին անգամ բանակցել էին մոտ մեկ ամիս առաջ՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։ Հանդիպումն անցել էր հեռավար ձևաչափով. ըստ պաշտոնական հաղորդագրությունների` կողմերը շարունակել էին դեկտեմբերին Բրյուսելում սկսված երկխոսությունը հաղորդակցության ուղիների և հումանիտար համագործակցության շուրջ։ Այդ բանակցություններից հետո ադրբեջանական կողմը վերադարձրել էր ևս 8 հայ գերիների։
Ավելի ուշ Հայաստանի վարչապետը խորհրդարանում հայտարարել էր, թե ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի վերականգնման մասին։