Հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, այսօր հայտարարել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ ընդունելով Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, և տեղեկացրել, որ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ:
Փոխվարչապետն արձանագրել է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը բավականին լայն է և պետք է ջանք չխնայել այն ամբողջովին սպասարկելու ուղղությամբ՝ ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ավարտին հասցնելու և նորերի մեկնարկն ազդարարելու համար:
Այս ամիս ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում սկսեցին կանգնեցնել իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը, գումար պահանջել` հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է, նրանց ճակատագիրը մինչ օրս հայտնի չէ: