Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հայտարարել էր, թե վերադարձել է հայրենիք, ձերբակալվել է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` առանց այլ մանրամասների:
Այսօր վաղ առավոտյան Ֆեյսբուքի իր էջում Վրաստանի նախկին նախագահը, որ հետախուզման մեջ է, հայտարարեց իր վերադարձի մասին:
Գրառումից քիչ հետո Սաակաշվիլին Ֆեյսբուքում երկու տեսանյութեր տեղադրեց` ընտրողներին կոչ անելով վաղը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկել ընդդիմության օգտին։
Ենթադրաբար տեսանյութերը արվել են Բաթումիում, վրացական լրատվամիջոցները տեղանքը նմանեցնում էին Բաթումիի մուտքի մոտ ճոպանուղուն հարող տարածքի հետ։
Նախկին նախագահի դեմ Վրաստանում մի քանի քրեական գործ կա հարուցված, կայացվել է նաև երկու դատավճիռ։