Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է․ – «Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ արժանի հարգանք են ապահովել հայրենիքում և արտերկրում»:
«Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար:
Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները», – գրել է Փաշինյանը Պուտինին։
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է․ – «Հայաստանում բարձր են գնահատում Ձեզ և Ձեր նշանակալի ավանդը մեր երկրների միջև համագործակցության զարգացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Վստահ եմ, որ դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրության և փոխվստահության վրա և ուղղված են ապագային, կշարունակեն նպաստել երկկողմ օրակարգի առաջխաղացմանը և համագործակցության ներուժի գործնական իրացմանը»։
Ռուսաստանի նախագահն այսօր դարձավ 69 տարեկան։