Ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 14-ի երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:
«Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը», – հավելում է Պաշտպանության բանակը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ տեղեկացնում է, որ վիրավորված զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է:
«Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը», – նշում է Թաթոյանը` պնդելով, որ Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքում է կրակոցներ արձակելու մասին լուրը` շեշտելով, որ իր զինված ուժերն այս միջադեպի հետ առնչություն չունեն:
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ հաղորդել էր, թե «հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող»։ Արցախի պաշտպանության նախարարությունը սա հերքել էր` որակելով կեղծ տեղեկություն: