Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության կապակցությամբ: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն այդ մասին ասել է երեկ` Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում, հաղորդում է պաշտոնական Բաքուն:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են տարածաշրջանում ներկայումս տիրող իրավիճակը, ինչպես նաև եռակող ձևաչափով` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Ջեյհուն Բայրամովը վերստին հայկական կողմին է մեղադրել ու պնդել, թե Բաքուն շահագրգռված չէ լարվածության աճով և հանձնառու է բոլոր հարցերը կարգավորել քաղաքական ու դիվանագիտական մեթոդներով:
Ամերիկյան կողմը զրույցի մասին տեղեկություն դեռ չի հաղորդել, Բաքուն էլ չի հստակեցնում` ում նախաձեռնությամբ է այն կայացել:
Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ – ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:
Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։