Շվեդիայում ավարտվել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արտգործնախարարների երկրորդ դեմ առ դեմ հանդիպումը։ Լավրով-Բլինքեն բանակցությունները, ըստ հաղորդումների, տևել են մոտ քառասուն րոպե։
Հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարն ասել է, թե պատրաստվում է զգուշացնել Լավրովին, որ Ռուսաստանը լուրջ խնդրներ կունենա, եթե վերսկսի ագրեսիվ գործողությունները Ուկրաինայի դեմ։
«Ճգնաժամը հաղթահարելու լավագույն ձևը բանակցություններն են», – ասել է նա։
Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին հավաստիացրել է, որ Մոսկվան նոր հակամարտություն չի ուզում Ուկրաինայի հետ։
Գերտերությունների երկու բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են ռուս-ուկրաինական նոր լարվածության ֆոնին։ Կիևը պնդում է, թե Մոսկվան 90 հազար զինվոր է տեղակայել Ուկարինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։