Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի դեմ կողմնակալ ու տգեղ արշավ է սկսվել։ Այդ մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է երկուշաբթի օրը՝ ընդունելով Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Ռոսեն Դիմիտրով Ջելյազկովին։
Երկրի ղեկավարի կայքում ասվում է, որ Ջելյազկովը շնորհավորել է Ադրբեջանին COP29-ը ընդունելու կապակցությամբ և ընդգծել կանաչ և վերականգնվող էներգետիկայի ոլորտում Բաքվի կողմից իրականացվող նախագծերի կարևորությունը։ Նա հայտնել է Բուլղարիայի մտադրությունը՝ միանալ Սև ծովի հատակին անցկացվելիք էլեկտրական մալուխի նախագծին և ասել, որ Ադրբեջանի և Բուլղարիայի միջև հաջող համագործակցություն է իրականացվել էներգետիկայի ոլորտում։
Ալիևն ասել է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, մի շարք եվրոպական կառույցների կողմից լայնածավալ արշավ սկսվեց Ադրբեջանի դեմ, և դա կանխակալ է։
Այս քարոզարշավն իրականացվում է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ինչն անընդունելի է։ Պետության ղեկավարն ասել է, որ մի շարք երկրների խորհրդարաններ իրենց դիրքորոշումն են արտահայտել այս անարդարության դեմ։
Նա դրական քայլ է գնահատել Սևծովյան էլեկտրամալուխի նախագծին միանալու Բուլղարիայի մտադրությունը կանաչ էներգիայի ծրագրի շրջանակներում։
Ադրբեջանը Եվրոպային էներգակիր է, և ներկայումս ադրբեջանական գազ է մատակարարվում եվրոպական ութ երկրների։