Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ նախագահի հրաժարականը պահանջող նախագիծ, «Ազատությանը» հայտնեց խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այս նախագծին, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը»:
Ըստ ԱԺ նախագահի` այս արարքը նշանակում է երկու բան. «Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»:
Հիշեցնենք, Ազգային ժողովի նախագահի սկանդալային ձայնագրության տարածումից հետո ընդդիմությունն ու իրավապաշտպանները հայտարարել էին, թե նա պետք է հրաժարական տա: Ենթադրաբար խոսելով նոյեմբերի 16-ի սահմանային լարվածության ժամանակ գերեվարվածների մասին` Սիմոնյանը այցերից մեկի ժամանակ ոչ հրապարակային զրույցում հայտարարել էր՝ «էդ գերիներն էն մարդիկ են, որոնք զենքը դրել և փախել են ու հայտնվել են գերության մեջ»: Գաղտնի նկարված այս տեսանյութը քննադատության ու զայրույթի ալիք բարձրացրեց։