Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը։
«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերը»,- ասված է ՌԴ կառավարության կայքում։ .
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել առևտրատնտեսական, արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, մշակույթի, գիտության, միջտարածաշրջանային փոխգործակցության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը։
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ ուղղված համագործակցության բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։
Նշենք, որ տեղեկատվության մեջ ոչինչ չէր ասվում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների, հիմնականում Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված հարցերի քննարկման մասին։
Մինչ այդ այս հարցերը քննարկվել են Օվերչուկի, Մուստաֆաևի և Հայաստանի փոխվարչապետ Գրիգորյանի մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։
Սակայն այս ձեւաչափով հանդիպումներ վերջին շրջանում չեն կայացել։