ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին կատարել մարդու իրավունքների ոլորտում իրենց միջազգային պարտավորությունները։
Նա Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ։
«Մենք Բաքվում հանդիպեցինք իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և կրկնեցինք Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունները կատարելու կոչը», – գրել է Օ’Բրայենը X սոցիալական ցանցում։
Նա հանդիպել է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ և տնտեսագետ գիտնական Գուբադ Իբադօղլուի հետ, ով գտնվում է հետաքննության մեջ։
«Ինձ համար պատիվ է հանդիպել բժիշկ Գուբադ Իբադօղլուի հետ և քննարկել ակտիվ քաղաքացիական հասարակության կարևորությունը։ Մենք շարունակում ենք կոչ անել նրան հնարավորինս շուտ ազատ արձակել»,- ասել է Օ՛Բրայենը։
Հունիսի 28-ի ճեպազրույցում Օ՛Բրայենը մեկնաբանել է նաև Ադրբեջանում անկախ մամուլի վրա ճնշումները։
«Միացյալ Նահանգները կարծում է, որ արտահայտվելու ազատությունը և անկախ լրագրությունը քաղաքացիական հասարակության կարևոր բաղադրիչներն են։ Մենք աջակցում և շարունակում ենք աջակցել անկախ լրագրությանը ամբողջ աշխարհում»,- ասել է Օ՛Բրայենը։ Նրա խոսքով, Բաքվում կայացած հանդիպումներում «ընդգծվել է, որ անկախ լրագրությունը հասարակության զարգացման ու հասունացման կարեւոր բաղադրիչն է»։