Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Ռուսաստանին՝ հետ քաշել իր ուժերը, որոնք կենտրոնացած են Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ հինգշաբթի օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։
Դրանում, մասնավորապես, ասված է. – «Մենք շարունակում ենք կոչ անել Ռուսաստանի իշխանություններին՝ կատարել ստանձնած պարտավորությունները մինսկյան համաձայնագրերի համաձայն՝ ուժերն ու զենքը դուրս բերելու Արևելյան Ուկրաինայի շփման գծից, ինչպես նաև դուրս բերել այն ուժերը, որոնք նրանք կենտրոնացրել են Ուկրաինայի սահմանների երկայնքով, և դադարեցնել ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը»:
ԱՄՆ-ը ողջունում է ԵԱՀԿ հայտարարությունը, այն մասին, որ Ուկրաինայի արևելքում կարգավորման հարցով կոնտակտային խումբը համաձայնել է վերադառնալ Դոնբասում հրադադարի ռեժիմին, ասվում է հայտարարության մեջ։
Երեկ կայացած ամենամյա մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքը պետք է Ռուսաստանին անվտանգության կոնկրետ երաշխիքներ տա և ոչ խոստումների մակարդակով։
Իրականացնելով «ընդլայնման հինգ ալիքներ»՝ Հյուսիսատլանտյան դաշինքը «ուղղակի լկտիաբար խաբեց» Մոսկվային, – ասել է Պուտինը։ «Գնդակը նրանց կողմն է, նրանք պետք է մեզ ինչ-որ բան պատասխանեն», – հավելել է նա: