Պաշտոնական Բաքուն հաստատել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ գումարվելիք ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որին ներկա կլինի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերլուծաբանները հնարավոր են համարում, որ հավաքի շրջանակներում կարող է տեղի ունենալ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Երկու ղեկավարներն այս տարվա ընթացքում հանդիպել են Մոսկվայում, Սոչիում և Բրյուսելում:
Այս տարի լրանում է ԱՊՀ ստեղծման 30-ամյակը: Սանկտ Պետերբուրգի հավաքին մասնակցելու են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն, ինչպես նաև առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն, ով համարվում է ԱՊՀ հիմնադիրներից մեկը:
Բացի այդ, Սանկտ Պետերբուրգ կմեկնեն Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահներ Սադիր Ժապարովը, Էմոմալի Ռահմոնը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Շավկատ Միրզիոևը: