Եվրոպական երկրներում և Միացյալ Նահանգներում շարունակում է արձանագրվել կորոնավիրուսի նոր վարակակիրների ռեկորդային ցուցանիշներ։
ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսն իրավիճակը բնորոշել է «ցունամի»: Նոր դեպեքրի թվի կտրուկ աճի պատճառը «օմիկրոն» շտամն է, որն ըստ մասնագետների` ավելի արագ է տարածվում, քան նախորդ շտամերը։ «Օմիկրոնի» դեպքում, սակայն, ինչպես նշում են առողջապահական ոլորտի ներկայացուցիչները, հիվանդությունն ընթանում է համեմատաբար թեթև:
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 284 միլիոն 600 հազարի, մահացել է 5 միլիոն 400 հազար մարդ։ Միայն վերջին մեկ շաբաթում աշխարհում վարակվել է ավելի քան 6,5 միլիոն մարդ, այսինքն` օրական միջինում 935 հազար։ Ֆրանսիան երկրորդ օրն անընդմեջ հայտնում է մեկ օրում ավելի քան 200 հազար նոր դեպքերի մասին. սա ամենաբարձր ցուցանիշն է համաճարակի բռնկումից ի վեր։
ԱՄՆ-ում նոր վարակակիրների թիվը 24 ժամվա կտրվածքով կազմում է 265 հազար, անցած երկուշաբթի օրը արձանագրվել է 440 հազար դեպք։