«Համատեղ ջանքերի և աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել ճգնաժամային իրավիճակները»․ վարչապետ

Երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու և աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներին դիմագրավելու համար մեծապես կարևոր է յուրաքանչյուրի անխոնջ աշխատանքը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական, կրթական, գիտական, մշակութային և մնացյալ բոլոր բնագավառներում: Այս մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձում։

«Վերջին շրջանում մեզ բաժին հասան մի շարք փորձություններ՝ կորոնավիրուսի համավարակ, 2020 թվականի պատերազմ, որոնք դանդաղեցրին մեր առաջընթացը: Եվ, այնուամենայնիվ, համատեղ ջանքերի և աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել այդ ճգնաժամային իրավիճակները: Այդ մասին են վկայում տարբեր ոլորտներում արձանագրված դրական աճը և տնտեսական ցուցանիշները», – ասված է ուղերձում, որը հրապարակել է վարչապետի աշխատակազմը լրատվականը։

Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունը շարունակելու է աշխատանքը և ստեղծագործականությունը քաջալերելուն միտված քաղաքականությունը, շարունակելու է հետևողականորեն ծրագրեր իրականացնել՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելու, կրթվելու, գիտելիքներ ձեռք բերելու և հմտություններ զարգացնելու ուղղությամբ:

«Չնայած դժվարություններին՝ մենք պետք է շարունակենք կառուցել մեր երազած հայրենիքը: Միասնական, եռանդուն ու համառ աշխատանքով, որի հենքը յուրաքանչյուրիս անհատական ջանքն է ու նվիրվածությունն իր գործին: [….] Պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին, և մեր աշխատանքով կառուցենք ժամանակակից, զարգացած և օրինակելի պետություն», – ասված է ուղերձում։

Նախագահ Վահագն Խաչատրյանը, իր հերթին, շնորհավորական ուղերձում գրում է․ – «Այսօր մեր առաջնահերթ խնդիրը հայրենիքի շենացումն է՝ տնտեսության զարգացումը, երկրի կարողությունների ընդլայնումը, և այդ ճանապարհին անհրաժեշտ է գործի դնել ազգային այն որակները, որոնք գնահատում և որոնցով հիանում է ողջ աշխարհը։

Ժողովրդի սոցիալական խնդիրների լուծումը, գործազրկության և աղքատության հաղթահարումը շարունակում են արդիական մնալ մեր երկրում։ Անելիքները շատ են և, այդուհանդերձ, առաջնային են աշխատողների իրավական և սոցիալական պաշտպանվածության, աշխատանքային պայմանների բարելավման հարցերը»։

«Կարևոր է պետության և գործարար համայնքի համագործակցության զարգացումը, բիզնեսի սոցիալական պատասխանատվության բարձրացումը», – ասված է ուղերձում, որը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button